Յարութիւն Նագուլեանը Երէկ եւ Այսօր


...Յարութիւն Նագուլեանը Երեւանում յայտնուեց 1960-ական թուականների կէսերին: Սփիւռքահայ ուսանող էր, Բէյրութից եկել էր Երեւանՙ Բժշկական ինստիտուտում սովորելու: Երեւի թէՙ եկել էր ճիշտ ժամանակին: Այդ տարիները մեր ազգային զարթօնքի եւ վերելքի տարիներն էին, ազգային ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ գրականութեան եւ արուեստի նո՛ր գիտակցման եւ գեղագիտական այլախոհութեան տարիներ:
Տեղին է յիշել ժամանակի գրական կեանքի աննշան թուացող մի մանրուք. 1961 թուականին «Սովետական գրականութիւն» ամսագիրը ապրիլեան համարում (Լենինին նուիրուած համարում) տպագրել էր Պարոյր Սեւակի բանաստեղծութիւններից մի շարք եւ այդ շարքում աւանդական կառուցուածք ունեցող այլաբանական, խորիմաստ ու խորագնայ մի փոքրիկ բանաստեղծութիւն.
Անյարմար է բոբիկ քայլել,
Այս կօշիկն էլ շատ է նեղում:
Ինչպէ՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կօշիկդ կը լայնանայ,
Ո՛չ էլ ցաւը կը մեղմանայ...
Ցա՜ւն է յաճախ առաջ մղում...
Սովետական իրականութիւնը իսկապէս որ դարձել էր իսպանական կօշիկՙ շա՜տ էր նեղում: Բայց շատերը չէ, որ դա զգում եւ հասկանում էին: Այդ բանը շատ լաւ հասկացած բանաստեղծին, նաեւ այս բանաստեղծութեան համար, քանիցս կանչել են հաւատաքննութեան ատեանՙ այդ ո՞ր ճամփան է շեղում, չլինի՞ թէ կոմունիզմի...

Եւ, անշուշտ, Յարութիւն Նագուլեանի:

Արդէն գրականութեան եւ արուեստի նոր ժամանակներ էին, ներքին անհաշտութեան եւ ըմբոստութեան ժամանակներ: Եւ նոր սերնդի հոգեկան ազատութեան եւ ազատ մտածողութեան հիմնական միջավայրը երեւանեան բոհեմն էր: Երեւանեան նոր արտիստիկ միջավայրը կամ բոհեմը զարմանալի երեւոյթ էր, այն իր մէջ միաւորում էր ե՛ւ գրականութեան ու արուեստի հսկաների, ասենքՙ լուրջ, ծանրակշիռ ու ազնուական Կոստան Զարեանին եւ անզուգական մաեստրոյինՙ Երուանդ Քոչարին, ե՛ւ նոր-նոր միայն ասպարէզ մտնող նկարիչների, գրողների, երաժիշտների: Եւ, իհարկէ, պարզապէս արուեստասէրների:
Երեւանեան բոհեմը այն տարիներին իր անթագակիր արքան ունէրՙ Լեւոն Ներսիսեանը: Հայերէն բանաւոր խօսքի կախարդն ու մոգն էր Լեւոն Ներսիսեանը, օտար լեզուների եւ մշակոյթների գիտակ, 18-րդ դարի անգլիական ըմբռնումով մեծ էրուդիտ, վերլուծական փայլուն մտքի տէր, բացառիկ զարգացում ունեցող անձնաւորութիւն: Լեւոն Ներսիսեանը մեր Ալենն էր: Նա Երեւանի պետական համալսարանում դասաւանդում էր անտիկ եւ եւրոպական գրականութիւն: Սա նկատի ունենալով է, որ Կարիկ Պասմաճեանը տարիներ անց իր մի բանաստեղծութեան մէջ կը գրի.
Երեւանի մէջ օրական քանի մը թոն հաց կը թափուի,
Հաւաննական սիգարները կը փտտին Երեւանի մէջ:
Լեւոն Ներսիսեանը հացի կը նստի
դիցաբանական աստուածներուն հետ,
կը հարբեցնէ բոլոր աստուածները
եւ կը հարբի մարդերէն:


Պարոյր Սեւակի ողբերգական մահով, Մինասի արուեստանոցի հրդեհումով վաթսունականների ժամանակը աւարտւում էր... Աւարտւում էր նաեւ Նագուլի երեւանեան ժամանակը: Փայլունօրէն աւարտելով իր համալսարաններըՙ Նագուլեանը հրաժեշտ տուեց Երեւանին, իր ընկերներին ու բարեկամներին եւ վերադարձաւ Լիբանան, իրեն թւում էր կարճ ժամանակով, բայց բոլորովին այլ բան ստացուեց: Կեանքը անակնկալներ ունէր պահած ըմբոստ եւ անհաշտ նկարագրի տէր մարդու համար: Յետոյ նրա ձայնը Լոնդոնից հասաւ Երեւան: Բանն այն է, որ Նագուլեանը Լիբանանից մեկնում է Լոնդոնՙ այնտեղ շարունակելու եւ խորացնելու իր բժշկական կրթութիւնը: Լոնդոնում էլ նա իրեն զգում է երեւանեան կեանքի մասնակից:
1973 թուականի օգոստոսի 22-ին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում տպագրուեց Վահագն Դաւթեանի «Երբ մարդը զուրկ է հայրենիքի զգացողութիւնից» սովետական ջարդարարական հին յօդուածների ոգով գրուած «գաղափարական» յօդուածը: Շրջանցելով Նագուլեանի ասածներն ու մատնանշումները, Վահագն Դաւթեանը Նագուլեանի յօդուածը համարում էր «պարսաւագիր, չարամտութիւնների ու անհեթեթութիւնների խառնուրդ...», «...պատեհապաշտական ինչ-ինչ ակնկալութիւններից յօրինուած...» եւ ի պատասխան թուարկում էր Սովետական Հայաստանի զանազան ձեռքբերումները տարբեր ասպարէզներում: Վահագն Դաւթեանը փաստօրէն նենգափոխում եւ խեղաթիւրում էր յօդուածում արտայայտուած մտքերը: Այն, ինչ ասում էր Նագուլեանը, անշուշտ այլախոհութիւն էր, իսկ Պարոյր Սեւակի ողբերգական մահից յետոյ հայ գրականութեան միջավայրում այլեւս այլախոհութիւն եւ ազատամտութիւն չկար: Եւ չէր էլ կարող լինել:
Ինչեւէ:
Վահագն Դաւթեանին միացան շատերըՙ ազնիւ կոմունիստ գրողներ ու գրականագէտներ, գրական կեանքի մէջ իրենց որոշակի տեղը բռնած կոմերիտական զանազան գործիչներՙ ամէն տեսակի մմելքոնեաններ: Սփիւռքում սրանց միացան pro-կոմունիստական զանազան գրչակներ: Այն տպաւորութիւնն էր ստացւում, թէ թշնամու բանակ է յարձակուել Սովետական Միութեան վրայ եւ Սովետական Հայաստանի ճակատագիրը վտանգուած է: Մինչդեռ եղած-չեղածը իրեն հայ եւ հայաստանցի զգացող մի ուսանողի արդար վրդովմունքն էր ազգային արժէքների անարդար գնահատութեան հանդէպ:
Այն, ինչ ասում էր Յարութիւն Նագուլեանը, իրականութիւն դարձաւ տասնեակ տարիներ յետոյ: Ե՛ւ Կալենցը, ե՛ւ Կոնտրաջեանը, ե՛ւ միւսները, եթէ ոչ պետականօրէն, յամենայն դէպս համաժողովրդական ըմբռնումով, ունեցան իրենց իսկական ճանաչումն ու գնահատութիւնը: Նագուլեանը պարզապէս ժամանակից առաջ էր ընկելՙ Սովետական Հայաստանի պաշտօնական անձանց երեսին նետելով ճշմարտութիւնը:
Եւ նրանք էլ, Սփիւռքահայութեան կոմիտէով, Հայաստանի պետական մամուլով եւ Սփիւռքի pro-կոմունիստական մամուլի էջերով հաւատաքննութեան դատաստան սարքեցին Յարութիւն Նագուլեանի դէմ եւ Հայաստանի դռները շրխկոցով փակեցին նրա առաջ:
Ճշմարտութիւնը պահանջում է ասել, որ փակողներին թւում էր, թէ ընդմիշտ...
Իր բանաստեղծութիւնները հիմնականում տպագրւում էին «Բագին» ամսագրում, որ այն տարիներին Բէյրութի առաւել յայտնի գրական հանդէսը լինելու յաւակնութիւնն ունէր, եւ «Ազդակ» օրաթերթում:
Արդէն իր առաջին տպագիր բանաստեղծութիւնըՙ «Կապոյտ»ը, վկայում էր, որ Նագուլեանը նախընտրում է ազատ բանաստեղծութիւնը (vers libre), առանց յանգի եւ յանգային կաշկանդումների:
Յարութիւն Նագուլեանի բանաստեղծութիւնները մի անհատի հոգեկան տուայտանքների, ապրումների եւ զգացումների բանաստեղծական պատմութիւնն են, որ իրենց մէջ ներառում են ժամանակն ու առարկայական աշխարհի կեանքը իր իրադարձութիւններով եւ բազմազանութեամբ:

Նագուլեանի շատ բանաստեղծութիւններ կարող են թուալ զուտ անձնական. բանաստեղծութիւններ, որոնց քնարական հերոսը խօսում է ես-ի անունից, բայց բանաստեղծի ես-ը, հեղինակին ներկայացնելուց զատ, այն ոսպնեակն է, կախարդական այն պրիսմակը, որի միջով ու միջոցով նա տեսնում է կեանքն ու շրջապատող աշխարհը, բանաստեղծօրէն եւ բանաստեղծութեամբ տարրալուծելով կեանքի բազմաթիւ եղելութիւններ եւ վիճակներ, մէկ անգամ եւս վերապրելով դրանք, այս անգամ արդէն չափածոյ խօսքի մէջ:
Ես-ի մնայուն ներկայութիւնը, պարզելով աշխարհին ու մարդկանց ուղղուած բանաստեղծի հայեացքի ուղղութիւնը, միեւնոյն ժամանակ ե՛ւ հոգեկան շարժում է նշանակում, ե՛ւ կենսական իրողութիւնների յորձանուտին ինքնավստահ դիմակայութիւն, ե՛ւ բանաստեղծութեամբ խօսելու, ասելով եւ արտայայտելով ներքին մտատանջութիւնների պարսերից, ժամանակակից մարդու հոգեկան աշխարհը կեղեքող կասկածներից եւ տարակուսանքներից ազատուելու ձգտում:
Իրական կեանքը այսպէս անցնում է բանաստեղծի միջովՙ վերածուելով արտայայտիչ այլասացութեանՙ բանաստեղծական պատկերի, կշռութաւոր խօսքի, այլաբանութեան ու փոխաբերութեան:
Այսպիսով Նագուլեանի բանաստեղծութեան ազատ հոսքը դառնում է կեանքի ընթացքի ու շարժումի, ժամանակակից անհատի, մանաւանդ որոշակի իրականութեան եւ որոշակի առարկայական հանգամանքների մէջ ապրող հայ անհատի հոգեկան տուրեւառութիւնների չափածոյ արձանագրում:
Գրութեան ժամանակով տասնեակ տարիներով միմեանցից հեռու, միմեանցից զատուած Նագուլեանի բանաստեղծութիւնները ներքին շարունակականութիւն եւ միասնութիւն ունեն եւ մի ամբողջութիւն են կազմում: Ըստ էութեան այն մի ծաւալուն մենախօսութիւն է, սրտաբաց ու անկեղծ զրոյց ընթերցողի հետ, որ ձգւում է տասնամեակների միջով: Քնարական, երբեմն էլՙ ջղաձիգ ու դրամատիկական, երբեմն էլՙ անհաւասար տոնայնութեամբ գրուած իր բանաստեղծութիւնները թւում են մի մեծ պոէմի, բանաստեղծական ընդարձակ խօսքի հատուածներ: Այդ խօսքը անցնում է տասնամեակների միջովՙ դառնալով քնարական հերոսի հոգեկան ապրումների եւ տուայտանքների, կեանքի հանդէպ ունեցած իր վերաբերմունքի բանաստեղծական տարեգրութիւնը: Այդ հերոսը խորունկ ներաշխարհի տէր մարդ է, ունի բնութեան ու կեանքի երեւոյթների նուրբ զգացողութիւն, լեցուն է դարի ու ժամանակի պարտադրած դրամատիզմով, հոգսերով ու տագնապներով:
Ես յատկապէս որեւէ բանաստեղծութիւն չեմ անուանում, չեմ առանձնացնում, բանաստեղծական որեւէ շարք չեմ վկայակոչում, մէջբերումներ չեմ անում, ընթերցողին թողնելով բանաստեղծական խօսքին դէմ-յանդիման, մտածելով, որ բանաստեղծութիւնը կատարելապէս կայանում է միայն ընթերցումի եւ այն էլ ճիշտ ընթերցումի պահին:
Եւ այնուամենայնիւ մի ծաւալուն շարք, որ կարող ենք նաեւ պոէմ համարել, ուզում եմ առանձնացնել: Խօսքս Բէյրութի «Կամար» ամսագրում տպագրուած «Վաթսունականներուն» խորագրով շարքի բանաստեղծութիւնների մասին է:
Այս շարքի բանաստեղծութիւնների մէջ Նագուլեանը իրար է բերում երկու ժամանակՙ վաթսունականները, ի՛ր վաթսունականները եւ մեր ներկան: Երեւանի վաթսունական թուականները «հոգիի նրբանցքներուն մէջ» դեգերող հայ երիտասարդութեան համար ոգու վերելքի ու ընդվզումի ժամանակներ էին, որ լցուած էին մարդուն ազնուացնող եւ բարձրացնող մշակոյթով, գրականութեամբ եւ արուեստով: Եւ, անշուշտ, մարդիկ էինՙ հայ ոգու եւ մշակոյթի հզօր անհատները, որոնք իրականութիւնն ու ժամանակը դարձնում էին լեգենդական.
Լեւոն Ներսիսեանը
տիտանը վաթսունականներուն
Ճօթթօն
Քոչարը
Մինասը
Օննիկ Մինասեանը հոգիով կիլիկեցի
Արմէն Զարեանը
Կոստանի տղան
այն որ գտաւ պրպտեց զննեցԼէօնարտոյի Արմենիա ձեռագիրը...
Նագուլը արդարօրէն կապ է տեսնում վաթսունականների մեր ոգու վերելքի եւ նոր ժամանակներում արդէն մեր արդար պատերազմի դաշտում հայ երիտասարդների գործած անօրինակ սխրագործութիւններիՙ մեր ժողովրդի հոգեկան նոր մեծ վերելքի միջեւ: Վաթսունականների Երեւանը եւ իրենքՙ վաթսունականների մարդիկ, անկրկնելի էին, ինչպէս որ իրենց ժամանակն էրՙ յախուռն, լեցուն, նկարագրով ու հոգիովՙ գեղեցիկ, մաքուր ու վսեմական: Շարքի բանաստեղծութիւնների այդ հատուածները գրուած են մեծ զգացականութեամբ ու աւաղանքով, այն սիրով ու խանդաղատանքով, որ մարդը ունենում է իր երիտասարդութեան եւ առհասարակ անցեալ ժամանակի հանդէպ:
Բայց եւ շարքի բանաստեղծութիւնների առանձին հատուածներում յայտնւում են այլ նոտաներ, մռայլ գոյներ, շատ բան բանաստեղծը տեսնում է տագնապով ու շփոթ սարսափով: Դժբախտաբար, իրաւացի եւ իրատես է հին երազի բանաստեղծը եւ ձգտում է հասկանալ այն անհասկանալի կերպափոխութիւնները, որ ունեցաւ Հայաստանի ժողովուրդն ու հայաստանեան կեանքը.
Հիմա ազատ է մեր հայրենիքը
իրօք այդպէս է
հիմա թալանուած հողամաս մըն է
մեր հայրենիքը
արդեօք այդպէս էր մեր հին երազը
Միշտ իրաւացի է անգլիացի բանաստեղծը:
Իրօք որ Յղացման
Եւ ստեղծումի միջեւ
Յոյզի
Եւ պատասխանի միջեւ
Ընկնում է Ստուերը...
Ահա այդ Ստուերն է, որ աղարտում է մի ամբողջ սերունդիՙ վաթսունականների հին երազը: Վաթսունականների գոյութիւնն ու ներկայութիւնը հայ կեանքում սխրանք էր, հոգեկան մեծ վերելք արձանագրող սխրանք: Այդ մասին, կարծում եմ, դեռ գրքեր են գրուելու:
Եւ շատ է գրուելու:
Նագուլեանի առաջին տպագիր բանաստեղծութիւններից մէկը սկսւում էր այսպէս.
Զանգերուն ձայնը աստղերէն կու գայ
ու կ’արձագանգէ
ներաշխարհիս մէջ...
«Վաթսունականներուն» շարքի մի բանաստեղծութիւնը սկսւում է գրեթէ նոյն պատկերով՝
զանգակներ կան հիմա
ներաշխարհիս մէջ
Կեանքի եւ իրականութեան դրամատիկական ճշմարտութիւնը տեղ չի թողնում նուրբ զգացականութեան համար: Ճշմարտութիւնը դառնում է աւելի զօրաւոր, քան բանաստեղծութիւնը: Հոգեկան տագնապ արթնացնող զանգերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին: «Հոգիի նրբանցքներ»իՙ ներաշխարհի բանաստեղծը, թւում է, վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Իր այս շարքի բանաստեղծութիւններում Նագուլը ոգեկոչում-վերակենդանացնում է վաթսունականների անցեալ դարձած ժամանակը, սիրով ու թախիծով մի անգամ էլ ապրելով այդ ժամանակը բանաստեղծութեան մէջ: Թւում էՙ հրաշք է կատարւում, պատմութեան անիւը ետ է շպրտւում, եւ ողջ են ու իր հետ խօսում-զրուցում են վաթսունականների յայտնի դէմքերըՙ Կոստան Զարեանն ու Երուանդ Քոչարը, Լեւոն Ներսիսեանն ու Մինասը, Հովհաննէս Մինասեանն ու Ալբերտ Կոստանեանը, միւսները, բոլորը: Եւ իր այս բանաստեղծութեամբ Նագուլը վերջնական հրաժեշտ է տալիս իր վաթսունականներին եւ ամէն ինչ յանձնում է անվերադարձ անցեալին: Շրջանը փակւում է, բանաստեղծութիւնը ամէն բան հասցնում է իր լրումին: Ուստի եւ բանաստեղծութիւնների այս շարքը արդարօրէն կարող էր կոչուել «Գովք եւ հրաժեշտ վաթսունականներին»:
Իր երիտասարդական տարիների մեղքերից մէկն էլ «Անմարմինները» խորագրով պիեսն է, որ հրատարակուել է 1974-ին: Բայց իր գրական գործի առաւել ուշագրաւ մասն են կազմում իր արուեստաբանական յօդուածներն ու էսսէներըՙ Փարաջանով-Փարաջանեանին նուիրուած յօդուածները, «Ռուտոլֆ Խաչատրեան», «Հենրի Մուր եւ Հայաստանի քանդակագործները», «Յարութիւն Կալենց եւ Հայաստանի նկարչութիւնը», «Երուանդ Քոչար եւ հայկական հարցեր»: Ուշագրաւ է, որ առանձին անհատների անուան եւ ստեղծագործութեան շուրջ գրուած այս յօդուածներն ու էսսէները առաւել մեծ ընդգրկում ունեն, քան կարող է թուալ առաջին հայեացքից: Հայաստանի արուեստին քաջատեղեակ հեղինակը հարցերն ու խնդիրները տեսնում է խորութեամբ եւ խնդրական ձեւով, ստեղծագործական անկասելի ընթացքի ներքին տրամաբանութեամբ: Այն, ինչ ասում էր արուեստաբանը, ժամանակ անց դառնալու էր անառարկելի իրականութիւն: Պարզապէս արուեստաբանը աւելի ճիշտ էր տեսնում երեւոյթները եւ, կարելի է ասել, ժամանակից առաջ էր ընկնում:
Իր այդ յօդուածներն ու էսսէները այսօր էլ չեն կորցրել իրենց արժէքն ու նշանակութիւնը:
***
Վերջին երկու տասնամեակում դոկտ. Յարութիւն Նագուլեանը առաւելապէս տրուած է նկարչութեանը: Թւում էՙ նա վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր, վերադառնում է արուեստի ամենաազատ, խօսքային կաշկանդումներից զերծ եւ թարգմանական դժուարութիւններից ազատ արուեստի ոլորտը: Արուեստագէտի հոգեկան ազատութիւնը ոչ մի ոլորտում թերեւս այդքան հնարաւոր եւ այդքան կատարեալ չէ, որքան նկարչութեան մէջ: Վերջապէս, նկարչութիւնը գայթակղիչ հնարաւորութիւն է տալիս շրջապատող աշխարհը իր նկարչութեամբ եւ իր նկարչութեան մէջ վերափոխելու ըստ իր հոգեկան կառուցուածքի, գունագեղ աշխարհը վերստեղծելու ըստ պատկերի իւրում:
Ինչո՞ւ եղաւ այս «վերադարձը», ինչո՞ւ Նագուլեանը հիմնովին վերադարձաւ նկարչութեանըՙ իր կտաւների հրապարակաւ ցուցադրութիւններն անելով եւ ցուցահանդէսներ կազմակերպելով: Թերեւս կարելի է կռահել: Հաւանաբար, այն պատճառով, որ նկարչութիւնը վերացարկման աւելի մաքուր ու բարձր ձեւ է, քան գրականութիւնը: Գոյնը չունի այն նիւթական-առարկայական բովանդակութիւնն ու պատմողական իւրայատկութիւնը, որ ունի բառը, խօսքը: Այս իմաստով, նկարչութիւնը առաւել կատարեալ ազատութիւնն է, քան իրական եւ նիւթական աշխարհի յարաբերութիւններով կաշկանդուած գրականութիւնը:
Եւ այնուամենայնիւ, սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ իր նկարչութիւնը իր բանաստեղծութեան շարունակութիւնն է: Հետաքրքրական է, որ տասնեակ տարիներ արդի հայ նկարչութեան մէջ ապրած տաղանդաւոր նկարիչների արուեստանոցներում իր կեանքը անցրած, նրանց հետ առօրեայ բարեկամութեամբ կապուած Յարութիւն Նագուլեանի նկարչութիւնը նման չէ նրանցից որեւէ մէկի արածին: Իր նկարչութիւնը հասուն, աւարտուած, ինքնավստահ ու կայացած նկարչութիւն է: Կտաւի մշակուած եւ հարուստ մակատեսքը, գունային հետաքրքրական յարաբերութիւնների ստեղծումը, նկարչութեան մէջ առարկայական-պատմողական տարրերից զերծ մնալը եւ զուտ գոյնով մտածելը, գոյնը իբրեւ նկարչութեան ինքնակայ միաւոր եւ ձեւածաւալ ընկալելը կայացած նկարչութեան բնորոշ գծեր ու յատկութիւններ են: Նագուլեանի կտաւների գունային հարուստ մակերեսներն ու ազատ յօրինուածքների արքիտեկտոնիկան կատարեալ դաշնութիւն են ներկայացնում, ինչը տրուած չէ ամէն մի արուեստագէտի:
Տաղանդաւոր անձը տաղանդաւոր է ամէն ինչում՝ թէ՛ բանաստեղծութեան մէջ, թէ՛ նկարչութեան մէջ, թէ՛ առօրեայ կեանքում եւ թէ՛ բանաւոր խօսքում: Նագուլեանը տաղանդաւոր է նաեւ կեանքի երեւոյթների եւ շրջապատի հանդէպ ունեցած վերաբերմունքի մէջ: Ուրախ հումորով եւ սրամտութեամբ փայլող մարդը ունի երեւոյթների եւ առարկաների ընկալման ու գնահատութեան իր կերպը, որ պայմանաւորուած է նուրբ, երբեմն նոյնիսկ անորսալի հեգնանքով եւ բարակ քմծիծաղով, որ նախ ուղղուած է իրեն եւ յետոյ մնացածներին, մեզ բոլորիս: Սրամիտ լինում են սուր միտք, նուրբ դիտողականութիւն եւ թափանցող, վերլուծական միտք ունեցող մարդիկ: Իր հին ըմբոստութիւնը, կեանքի ու երեւոյթների հանդէպ բաց ու անկաշառ հայեացքը, ընկալումի եւ մտածողութեան ազատութիւնը այսօր էլ նոյնութեամբ տեւում եւ շարունակւում են իր մէջ: Տաղանդաւոր մարդը միշտ էլ կարողանում է իր կեանքն ու առօրեան դարձնել իմաստաւոր ու բովանդակալից եւ ապրել այդ կեանքը արուեստով ու մշակոյթով ապրող մարդու հոգեկան գեղեցկութեամբՙ թեթեւ, լուսաւոր եւ արտիստական:
Դոկտոր Յարութիւն Նագուլեանը, աւագ ընկերս ու բարեկամս, ճիշտ այդպիսի անձնաւորութիւն է: Այդ է վկայում նախ եւ առաջ տպագրութեան պատրաստ իր հրաշալի ժողովածուն:
Ես նոյնպէս վկայ եմ եւ հաստատում եմ:
Խմբ. կողմից. - Այս եւ նախորդ էջերում հրապարակվող հոդվածը առաջաբանն է շուտով լույս տեսնող Հարություն Նագուլյանի բանաստեղծությունների եւ արվեստաբանական հոդվածների «Եսՙ վաթսունականս» ժողովածուի, որի կազմողը եւ խմբագիրը Երվանդ Տեր-Խաչատրյանն է: